Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ատամների դիրքի անոմալիաներ

Ատամների անոմալիաները (անկանոնություններ) բազմաթիվ են ու բազմաբնույթ: Առավել հաճախ հանդիպում են ատամների դիրքի անոմալիաները, որոնք ոչ միայն էսթետիկ անհանգստություն ու նյարդահոգեկան լարվածություն են պատճառում մարդկանց, այլև հաճախ բացասաբար են անդրադառնում ատամների հիմնական գործառույթներիª ընդունած սննդանյութի մշակման և խոսակցական ակտի վրա:

 

Ատամնաշարում ատամների բնականոն դիրքից շեղումը կոչվում է անոմալիա, որը վերաբերում է հիմնականում մշտական ատամներին, հազվադեպ` կաթնատամներին: Նման ախտաբանության պատճառները բազմաթիվ են, որոնք լինում են ինչպես բնածին, այնպես էլ` ձեռքբերովի. խանգարումներ, որոնք վերաբերում են ծնոտների աճմանը, ատամների զարգացմանը, կաթնատամները մշտականներով փոխարինվելու (ատամների ծկթման) գործընթացին, լեզվի գործունեությանն ու քթային շնչառությանը, ատամի ալվեոլար ելունի գերաճին կամ թերաճին: Որպես պատճառներ կարող են լինել նաև հակադիր ատամների բացակայությունը, հավելյալ (ավելորդ), ինչպես նաև խոշոր ատամների առկայությունը, պտղի ատամների սաղմերի ոչ բնորոշ` ատիպիկ տեղակայումը, վնասակար սովորությունները (ատամների վրա մեխանիկական ներգործություն և այլն): Ընդ որում, շեղման որոշ տեսակի (ձևի) զարգացման հիմքում կարող է լինել ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառ միաժամանակ:

 

Անոմալիաները լինում են տարբեր հարթություններում. ուղղահայաց` խորը կամ բաց կծվածքներ, լայնական` խաչաձև կծվածք և առաջահետին`ստորին ծնոտը վերինի համեմատ առաջային դիրքում (մեզիալ) և հետին դիրքում (դիստալ): Առաջացմանը կարող են նպաստել ներսածին (էնդոգեն) և արտածին (էկզոգեն) գործոնների հետ կապված հիվանդությունները, վնասակար սովորությունները, քթային անկանոն շնչառությունը, արհեստական կերակրումը և այլն: Ներսածին կոչվում են, օրինակ` ժառանգաբար փոխանցվող հիվանդությունները կամ կառուցվածքը, անատոմիական առանձնահատկությունները, արտածին են երեխայի ծնվելուց հետո տարած հիվանդությունների հետևանքները, օրինակ` ռախիտը: Վնասակար սովորությունների շարքին կարելի է դասել մատները կամ շրթունքը ծծելը` նույնիսկ քնած վիճակում, տարբեր առարկաները բերանը տանելը, քթային ոչ լիարժեք շնչառությունը, որը կարող է դառնալ հետադիր (դիստալ) բաց կծվածքի առաջացման պատճառ: Այսօր նորածին երեխաներին տարբեր պատճառներով կերակրում են արհեստական ճանապարհով, որը ցանկալի չէ, սակայն եթե դրանից հնարավոր չէ խուսափել, պետք է կերակրելը շարունակել, հաշվի առնելով որոշ նրբություններ` ծծակի ձևը, չափը, որը չպետք է լինի շատ երկար, ցանկալի չէ, որ շիշը երեխան բռնի, քանի որ շշի քաշն ընկնում է ստորին ծնոտի վրա և դառնում դրա զարգացման դանդաղման պատճառ: 

 

  Մինչև բուժումը

 

 Բուժումից հետո

 

Վերը հիշատակված բոլոր հիմնական շեղումները և դրանց տարատեսակներն ախտորոշվում են բերանի խոռոչի զննման և ռենտգենաբանական հետազոտությունների միջոցով: 

 

Ատամների դիրքի շեղումների հնարավորինս վաղ ախտորոշումը և պատճառների բացահայտումը երաշխավորում են նրանց արդյունավետ բուժումը: Այն իրականացվում է բժիշկ-օրթոդոնտի կողմիցª շարժական կամ անշարժ օրթոդոնտիկ սարքերի միջոցով: Դա նուրբ և աշխատատար պրոցես է, որը պահանջում է մեծ ուշադրություն մասնագետի կողմից, վերջինիս տրված խորհուրդների ճիշտ կատարում հիվանդի կողմից, առանց կամային միջամտությունների: Հակառակ դեպքում եղած շեղումը ոչ միայն չի կարգավորվի, այլև ավելի կբարդանա:

 

Հեղինակ. Էդուարդ Ա. Դանիելյան «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ